«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության անդամները հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում կհանդիպեն քաղաքացիների հետ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Առկա ճգնաժամային իրավիճակը ոչ միայն չի հաղթահարվում, այլ ընդհակառակը, գրեթե բոլոր ցուցանիշներով ավելի է խորանում, իսկ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, խոսքերից այն կողմ չի անցնում»,- ասել է նա:
«Խոստացված բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումը եւ ազատ մրցակցության ապահովումը, արհեստական մենաշնորհների վերացումը, մանր ու միջին բիզնեսին աջակցությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման ապահովումը այդպես էլ մնում են թղթի վրա:
Օրեցoր ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը եւ գոյատեւաման վերջին հնարավորությունները»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Նա որպես ասվածի օրինակ բերել է բացօթյա առեւտրով զբաղվողների եւ կրպակատերերի խնդիրը: «Ունենալով եկամտի որոշ աղբյուրներ` այդ մարդիկ իրենց աշխատանքի շնորհիվ հոգացել են իրենց սոցիալական նվազագույն պահանջները: Նրանց մեջ չեք գտնի որեւէ մեծահարուստի, հակառակ դեպքում իշխանավորների նման սուպերմարկետներ կունենային: Այդ մարդիկ ոչ միայն բեռ չէին պետության համար, այլ կրպակատերերի դեպքում` նաեւ հարկեր ու տուրքեր էին մուծում: Եվ քանի որ իշխանությունները խնդիր են դրել մանրածախ առեւտուրը եւս կենտրոնացնել իրենց ձեռքերում, ուստի, ճգնաժամային այս իրավիճակում հաշվի չառնելով ժողովրդի դժվարություներով լի կյանքը, որոշել են վերացնել իրենց մրցակից այդ փոքր բիզնեսները եւս:
Վարվող քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեկ տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքները եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղն աճել է գրեթե 50%-ով: Ակնհայտ է, որ իշխանությունները սպասարկում են ոչ թե պետության եւ ժողովրդի շահերը, այլ, կեղծված ընտրությունների միջոցով տիրանալով պետական լծակներին, ծառայեցնում են դրանք սեփական հարստացմանը»,- հայտարարել է նա:




























