Ցորենի գործարքի ավարտից հետո Ուկրաինայի իշխանություններն ունեն Թուրքիայի աջակցության կարիքն ուկրաինական նավահանգիստներից դուրս եկող նավերի ռազմական ուղեկցման հարցում։ Սակայն քիչ հավանական է թվում, որ Անկարան նման քայլեր կձեռնարկի, թուրք պաշտոնյային վկայակոչելով տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական իշխանությունները նման գործողությունները չափազանց ռիսկային են համարում եւ հարվածի տակ չեն դնի իրենց ռազմանավերը։ Անկարան դրա փոխարեն ջանքերը կկենտրոնացնի Ռուսաստանի մասնակցությամբ ցորենի գործարքի երկարացման ուղղությամբ։

Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները, նշել է Bloomberg-ը, ցամաքային կամ գետային տրանսպորտով հնարավոր են, բայց դրանց արժեքը զգալիորեն բարձր է Սեւ ծովով փոխադրումներից։

Չորաբեռ նավերի սեփականատերերի Intercargo ասոցիացիայի ներկայացուցիչ Փոլ Մարկիդեսը կարծիք է հայտնել, որ իրենց նավերն ուկրաինական նավահանգիստներ ուղարկելը մինչեւ միջանցքի վերականգնումը անվտանգ չէ, ուստի նավատերերը հազիվ թե դիմեն նման ռիսկային քայլի։