Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրից, հոկտեմբերի 7-ի ժամը 23:00-ի դրությամբ, դուրս է բերվել 22 մեքենա: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Պաշտպանության նախարարությանը պատկանող քարշակի օգնությամբ, ժամը 15.00-ին սողանքից դուրս է բերվել «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՕՕ 597 համարանիշի սեւ, մարդատար ավտոմեքենան:
Հոկտեմբերի 7-ին` ժամը 16.55-ին սողանքից դուրս է բերվել նաեւ անհետ կորածների ցուցակում նշվող Նորայր Միրզոյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕԼ 584 համարանիշի կաթնագույն ավտոմեքենան: Մեքենայի մեջ մարդ չի հայտնաբերվել:
Ժամը 21.51-ին փրկարարները «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի միջոցով սողանքի գոտուց դուրս են բերել հողաշերտի տակ հայտնված «Մերսեդես Ե» մակնիշի IQI202 պետհամարանիշով ավտոմեքենան:
ժամը 22:50-ի դրությամբ սողանքի գերությունից դուրս է բերվել «ՎԱԶ 21011» մակնիշի 36 ՕՏ 522 պետհամարանիշով կարմիր ավտոմեքենան:
Ինչ վերաբերում է մարդկանց դուրս բերելուն, ապա ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ապա Նիկոլայ Գրիգորյանը նշել է, որ դա շարունակում է մնալ առաջնային խնդիր, սակայն հնարավոր չէ ժամկետ ասել, թե երբ կկարողանան մարդկանց դուրս բերել. «Իհարկե, ավելի կհեշտանա, երբ լրիվ մեքենաները դուրս բերվեն եւ աշխատանքի դաշտը մեծանա»,- նշեց նա` հավելելով, որ շարունակում են անհայտ կորած համարվել 5 մարդ:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:




























