Մեզ համար առաջնահերթություններից մեկը մարզերի համաչափ զարգացումն է: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, հոկտեմբերի 10-ին, Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների ֆորումի ժամանակ:
«Այս տարին Հայաստանի համար առանձնանում է մի շարք կարեւոր հոբելյանական տարեթվերով: Դրանցից ես ուզում եմ առանձնացնել տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյակը, որը հասարակական ամենակարեւոր ինստիտուտներից մեկն է:
Տեղական ինքնակառավարման կայացած համակարգը ենթադրում է կայուն եւ զարգացած համայնք: Այդ առումով, մենք ողջունում ենք գյուղի զարգացմանը, արդիական խնդիրների քննարկմանն ուղղված հանդիպումները»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Հայաստանի համար առաջնահերթություններից մեկն, ըստ Սերժ Սարգսյանի, մարզերի համաչափ զարգացումն է: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը համապատասխան հայեցակարգ է մշակել, ըստ որի, բոլոր տեսակի պետական ծրագրերը դիտվում են տարածքային համաաչափ զարգացման համատեքստում:
«Վերջինս ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում եւ գյուղական տնտեսությունների պայմանների բարելավում: Վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների առումով, լուրջ աշխատանք է կատարվել: Բազմաթիվ ծրագրեր են նախագծեր են իրականացվել ճանապարհների ու ջրամատակարարման համակարգերի կառուցման ոլորտում: Մարզերում շարունակվում է կրթական, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, կառուցվում եւ մոռեդնացվում են բժշկական հաստատությունները»,- հավելել է Սերժ Սարգսյանը:




























