Հայաստանում Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի ավելի քան 60 տոկոսն իրականացվում է գյուղական վայրերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին` Ջերմուկում Հայաստանի համայնքների ֆորումի ժամանակ:

Մասնավորապես, նա ասել է, որ Տրանսպորտի նախարարության հետ իրականացվել է 290 կմ գյուղական ճանապարհների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ` 90 կմ ջրանցքների վերականգնման ծրագիր:

«Սոցիալական ծառայությունների ոլորտում մենք աշխատանքներ ենք իրականացրել Առողջապահության նախարարության հետ, որի շրջանակներում վերանորոգել ենք 5 շրջանային հիվանդանոցներ եւ 70 բժշկական կետեր: Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարության նպատակը Հայաստանի գյուղակավ բնակավայրերում բնակության պայմանների բարելավումն է, որտեղ ամեն 3-րդ բնակիչը աղքատության շեմին է»,- ասել է Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը:

Նշենք, որ Հայաստանը ՀԲ-ի անդամ է 1992-ից: Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված եւ իրականացվող ծրագրերի ամբողջական ծավալը կազմում է 1,495 մլրդ դոլար: