Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կայսերական պալատը չորս կողմից շրջապատված է միահարկ, ավանդական ոճով կառուցված անթիվ շինություններով (ֆոտոռեպորտաժ)։
Այդ շինությունները կոչվում են խութուններ։ Հին Չինաստանի քաղաքներում տների խմբերը կառուցվել են մեկը մյուսի կողքին՝ նեղ փողոց կամ արահետ կազմավորելով։ Այս շրջանն ինչ-որ բանով հիշեցնում է Երեւանի Կոնդը։ Սկզբում տներում հարմարություններ, ջուր, գազ չկային, ցանկանում էին քանդել շրջանը, բայց որոշեցին չքանդել ամեն ինչ իրար հետեւից եւ դրանց տեղում կառուցել բետոնե բազմահարկեր, այլ պահպանել եւ զարգացնել իրենց պատմության եւ մշակույթի այդ մասը։ Քաղաքների պատմական կենտրոններում շատ հին խութուններ պահպանվում են պետության կողմից որպես հնության հուշարձաններ։
Նեղ փողոցները եւ միահարկ տները վերակառուցվել են եւ կարգի բերվել պետական ծրագրերի օգնությամբ, արդյունքում՝ այս շրջանը դարձել է ամենասիրելի վայրերից մեկը ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ տեղի բնակիչների համար։
Հին տները եւ դրանց փողոցները վերածել են զբոսաշրջային վայրի, որտեղ բնակիչները բացել են մինի-հյուրանոցներ, ռեստորաններ, հուշանվերների եւ ավանդական հագուստի կրպակներ, թեյի խանութներ, գինու բարեր եւ հարմարավետ սրճարաններ։ Խութունիների փողոցները լի են զբոսաշրջիկներով, որոնք դրանց միջով գնում են «Լամայի տաճարից» մինչեւ «Կոնֆուցիուսի տաճար»։ Յուրաքանչյուր խութունիում կան փողոցներ, որոնք գնում են հյուսիսից ուղիղ դեպի հարավ եւ արեւմուտքից արեւելք, ինչը համապատասխանում է ֆեն-շույ հասկացությանը։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի





























