Հայրենի տունը կարոտած Դավթյանները, որոնց նախնիները Դիլիջան քաղաքի հիմնադիրներից են, 30 տարի օտար երկրում բնակվելուց հետո, վերադարձել են Հայաստան և վերստեղծել սեփական փոքր հայրենիքը՝ Դոմ Ադոնի'ս հյուրատնով, ընտանիքի զինանշանով, տոհմածառով և պատմությամբ:

«Հյուրատունը կոչվում է Դոմ Ադոնի'ս։ Դա մեր պապիկի՝ Ադոնի անվան հետ է կապված, ասել են՝ Ադոնի տունը, հիմա մի քիչ ձևափոխված դարձել է Դոմ Ադոնի'ս։ Նա շատ հյուրասեր մարդ է եղել, նրա տունը երբեք դատարկ չի եղել, ընկերական շրջապատը եկել, գնացել է, որոնց հիմնականում այստեղ են ընդունել»,- պատմում է Դավթյանների դուստրը՝ Վարդուհին։
Նրա մայրը` Ռիմա Դավթյանը, պատմում է, որ ի սկզբանե ամուսնու հայրական տունը հյուրատուն սարքելու մտադրություն չեն ունեցել, պարզապես ցանկացել են վերանորոգել այն: Ռուսաստանից վերադարձել են 2018 թվականին, հյուրատան կառուցումը ավարտել 2022 թվականին։
«30 և ավելի տարի եղել ենք Ռուսաստանում: Վերադառնալ ստիպեց հայրենիքի կարոտը, շատ էինք մեր հայրենիքը կարոտել, ուզում էինք վերադառնալ: Չենք փոշմանել, որ եկել ենք, պետք է ավելի շուտ գայինք»,-ասում է նա:

Տիկին Ռիման պատմում է՝ շատ դժվար էր սկզբում, ճիշտ է՝ սիրով էին կառուցում, բայց շատ հոգնեցուցիչ, դժվար աշխատանք էր, որը դեռ չեն ավարտել, չնայած հիմա հյուրատունը գործում է՝ զուգահեռ աշխատանքներ են տարվում, իսկ հետագա ծրագրերը շատանում են։
«Պլանավորում ենք նաև ցայտաղբյուր տեղադրել: Նպատակները, իհարկե, շատ-շատ են՝ ավելի մեծացնել, զարգացնել: Նաև երեխաների հատուկ խաղահրապարակի կառուցում է նախատեսվում, որը կունենա բատուտ, սեղանի թենիս, գուցե նաև բիլիարդի սեղան, այդ ամենն արդեն կախված է բիզնեսի հետագա զարգացումից և գործերի ընթացքից»,-ասում է Վարդուհին:
Ընտանիքը սեփական ուժերով վերանորոգել է առաջին հարկը և կառուցել երկրորդը, սակայն տարածքի մեծության պատճառով կահավորման ծախսերը մեծ էին, ֆինանսական օժանդակության համար դիմել են ԵՄ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (EU4IMPACT Armenia) օգնությանը:
«Սկզբում մեր ուժերով ստացվում էր, բայց հետո հասկացանք, որ արդեն օգնություն է պետք, որ գործընթացը չկանգնի, ժամանակ չվատնենք: Դիմեցինք այդ ծրագրին, որ մեզ օգնություն հատկացնեն, աջակցեն, և ստացանք մոտ 3 մլն դրամ գումար, որն օգտագործել ենք առաջին հարկի կահավորման համար։ Ծրագրի մասին գիտեինք, քանի որ կան այլ հյուրատներ, որոնք օգտվել էին և մեզ նույնպես խորհուրդ էին տալիս։ Իրականում շատ գոհ ենք, բավականին օգնեց»,-ասում է տիկին Ռիման:


Ջերմությամբ են հիշում իրենց առաջին հյուրերին․կորոնավիրուսի համավարակից հետո էր, Երեւանից մեկ ընտանիք էր, երեխաներով, որոնց հետ մտերմացան և բարեկամացան:
«Ուզում ենք այնպես լինի, որ անընդհատ ներսում լիքը լինի: Մեր հաճախորդները, որ գալիս են գոհ են լինում, մենք դրանից հաճույք ենք ստանում, ու մենք նույնպես գոհ ենք լինում: Մեր քաղաքը բարգավաճում է, գեղեցկանում է, ամեն անգամ դուրս գալուց հասկանում ենք՝ մեր Դիլիջանը ինչքան ծաղկուն է, ինչքան հաճելի»,- ասում է տիկին Ռիման։
«1770 թվականից եկել են մերոնք այս քաղաքը և հաստատվել»,- պատմում է ընտանիքի հայրը՝ Արթուր Դավթյանը:
Դավթյանների ազգանվան պատմության մասին վկայում է Միքայել Բագրատի Դավթյանի կողմից 1961թ.-ին կազմած փաստաթուղթը, որում գրված է՝ «1770-1790 թվականներին Ղարաբաղի մելիքները Ստեփան Դավթյանի միջոցով բանակցություններ են վարել Ռուսաց կառավարության հետ՝ իրենց հովանավորելու համար: Իբրահիմ Խալիլ խանը, իմանալով այդ մասին, ցանկացել է ոչնչացել Ղարաբաղի մյուս մելիքներին: Ստեփանի որդին՝ Դավիթը, մի գիշեր սպանելով խանի զորավարներից մեկի թիկնապահներին, մտնում է նրա վրանը և սպանելով նաև նրան, հեռանում է Ղարաբաղից: Գալով Հայաստան՝ Դավիթը բնակություն է հաստատում Իջևանի (նախկին Քարավանասար) շրջանի Սարի գյուղում, որտեղ ամուսնանում է և ունենում վեց տղա: Դավիթը մահացել է այդ գյուղում, իսկ նրա 25 ժառանգները 1831-35 թվականներին տեղափոխվել են ներկայիս Դիլիջան և հիմք դրել նոր բնակավայրին, որտեղ մինչեւ օրս ապրում են նրա ժառանգները. մեծ մասը կրում են Դավթյան, մի մասն էլ Սիմոնյան և Սարիբեկյան ազգանունները»:
18-րդ դարում Դավթյանների հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը, հողագործությունը, այգեգործությունը, իսկ 19-րդ դարի վերջին նրանց հիմնական զբաղմունքը դարձել է ուսումը, գիտությունը և զինվորական գործը: Այժմ Դավթյանները շարունակում են ծավալել իրենց գործունեությունը տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ այս դեպքում՝ սիրով ու ընտանեկան ջերմությամբ ընդունելով իրենց հյուրատանը բոլոր այցելուներին։
EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:
2021 եւ 2022թթ. անցկացված մրցութային երկու փուլերի արդյունքում ծրագրին հայտ ներկայացրած հարյուրավոր դիմորդներից ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Դրամաշնորհ ստացած շահառուները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը։





























