Հայաստանի կառավարությունը ոչինչ չի արել հանրապետության նախագահի` ապրիլին գործարարներին տրված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 11-ին հատարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ 2011 թ. ապրիլի 8-ին, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է հետեւյալը. «Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում եւ կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների»: