Լեհաստանը ևս երկու հազար զինվոր կուղարկի Բելառուսի հետ սահման։
Լեհական PAP լրատվական գործակալության հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՆԳ փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։
Վոնսիկի խոսքով, նման որոշում է կայացվել Լեհաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում։
Լեհաստանը մտավախություն ունի, որ Բելառուսի իշխանությունները կրկին, ինչպես դա արեցին նախորդ տարի, ապօրինի ներգաղթյալների խմբեր կուղարկեն սահմանով կամ կկազմակերպեն այլ սադրանքներ, հայտնում է BBC-ն։
Բացի այդ, Լեհաստանի իշխանություններն անհանգստացած են Բելառուսում«Վագներ» ՄՌԿ վարձկանների ներկայությամբ։
Լեհաստանի սահմանային պահպանությունը հազար զինվորի համալրում է խնդրել, սակայն նախարարները որոշել են երկու անգամ ավելի շատ ուղարկել։
Գործակալությունը հիշեցնում է, որ Բելառուսի հետ սահմանին արդեն տեղակայվել է մոտ 2000 զինծառայող, բացի հարյուրավոր սահմանապահներից ու ոստիկաններից։ Լեհ-բելառուսական սահմանի երկարությունը 398 կիլոմետր է։




























