Հոկտեմբերի 11-ին «Հայփոստ»-ը վերաբացել է Կիեւյան 4 հասցեում գտնվող թիվ 0028 փոստային բաժանմունքը։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից, բաժանմունքն ամբողջությամբ նորոգվել է, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:
Արարողության բացմանը ներկա են եղել «Հայփոստ» ՓԲԸ ղեկավարության անդամներ, թաղամասի բնակիչներ, այդ թվում` արվեստի գործիչներ: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
«Հայփոստ-մարաթոն 2011» ծրագրով մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:




























