Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին հոգատար նախագահ կլինի Վրաստանի եւ նրա ժողովուրդի համար: Այս մասին վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն:
Նախկին նախագահի խոսքով, գործարարի նախագահ դառնալու հանգամանքը Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կարգավորման նշանը կլինի, որից հետո վերջապես վրացի ազգը կապրի նորմալ կյանքով:
«Ես վստահ եմ, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում կլինի թիվ մեկ քաղաքական գործիչը: Վստահ եմ, որ խորհրդարան մուտք գործած վրացի գործարարին ժողովուրդն ինքը կխնդրի դառնալ Վրաստանի նախագահ, քանի որ նա ոչ միայն ունի ֆինանսական հզոր հնարավորություն, այլեւ քաղաքական գործչի ձիրք»,-նշել է Էդվարդ Շեւարդնաձեն, ընդգծելով, որ, այնուամենայնիվ, եթե Բիձինա Իվանիշվիլին ուզում է մուտք գործել քաղաքականություն, ապա առաջին հերթին պետք է մտածի սեփական անվտանգության հզորացման շուրջ:
Հիշեցնենք, որ գործարար Իվանիշվիլին բիզնեսներ ունի Ռուսաստանում: Նա վերջերս հայտարարել է, որ մուտք է գործում քաղաքականություն եւ մասնակցելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:




























