Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի`Ղազարոս Սարյանի անվան  օպերային ստուդիան, հոկտեմբերի 22-ին, հանդիսատեսի դատին կներկայանա Գուենտանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» բեմադրությամբ, այդկերպ նշելով Հայաստանի անկախության 20-ամյակը, Կոնսերվատորիայի հիմնադրման` 85-ամյակը եւ օպերային ստուդիայի հիմնադրման 30-ամյակը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օպերային ստուդիայի ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, նշելով, որ օպերային ստուդիան իր գոյության պատմության ընթացքում ունեցել է թե վերելքներ, թե անկումներ, սակայն ստեղծագործական առումով ներկայումս գտնվում է վերելքում: 

«Օպերային ստուդիայի զարգացումը մի ամբողջ փուլ է. կարողացանք հասնել նրան, որ բեմադրեցինք Ջակոմո Պուչինիի  «Եռապատում»-ի երեք օպերաները միաժամանակ: Մինչդեռ ոչ ոք այդ օպերան չի բեմադրում` երեք մասը միասին, քանի որ  դա պահանջում է մոտավորապես 35 սոլիստ- դերակատարի մասնակցություն:

Եթե մենք կարողացանք այն վեր հանել, ապա մյուս օպերաները մեզ համար դառնում են ուղղակի հաճույք: Այսինքն օպերային ստուդիան հասել է այն մակարդակի, որ կարողանում է այդպիսի բարդ  ներկայացում բեմադրել»,- նշեց Հովհաննիսյանը:

Օպերային ստուդիայի դիրիժոր Հովհաննես Միրզոյանի խոսքով, աշխարհի պրոֆեսիոնալ օպերաները հազիվ  են կարողանում բեմադրել այդ օպերան, այն էլ 20-30 տարին մեկ: «Նույն երեկոյի ընթացքում ներկայացվում է կոմիկական օպերա, մելոդրամա եւ դրամա: Այսինքն երեք տարբեր տրամադրություն եւ ունկնդիրը վերապրում է այդ հոգեվիճակները մեկ երեկոյի ընթացքում, բարդություն դրանում է: Մենք մեր ուսանողների ուժերով կարողացանք դա անել...»,- ասաց Միրզոյանը, հավելելով, որ այդ օպերան մինչ այդ չի հնչել ոչ միայն Հայաստանում, այլեւ` ԱՊՀ տարածքում, եւ շատ հազվադեպ է հնչում օպերայի համաշխարհային կարեւորության  հաստատություններում:

Ըստ բանախոսների` օպերային ստուդիան կոչված է լրացնելու այն բացը, որ կա այդ ոլորտում Հայաստանում: Ընդ որում, դա կատարվում պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում: Մինչ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում շատ քիչ են բեմադրվում օպերաներ, մինչդեռ օպերային ստուդիայի ղեկավարները պարծանքով են նշում, որ արդեն վաղուց գերազանցել են ակադեմիական օպերայի խաղացանկը:   

Հպարտանում են նաեւ նրանով, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում օպերային երգիչների  80 տոկոսը կոնսերվատորիայի օպերային ստուդիայի սաներն են: Միաժամանակ բանախոսները ցավով նշում են, որ շատ երիտասարդ երգիչներ հեռանում են Հայաստանից: «Շատերը, չտեսնելով այն դաշտը, որը կապահովի իրենց ապագան,  ուղղակի լքում են երկիրը եւ համալրում եվրոպական երկրների արտերկրի բարձրակարգ թատրոններում օպերաները A, B, C կարգերում: Երիտասարդ երգիչները  կմնային Հայաստանում, եթե արժեւորվեր արվեստի այս ճյուղը, ստանար անհրաժեշտ ֆինանսավորումը»,- նշեց Հովհաննիսյանը:

«Շատ կարեւոր է` ինչ սկզբունքով ես ընտրում երգչին: Մեզ մոտ  աշխատում է  միայն  լավագույնի սկզբունքը, բացի այդ կոլեկտիվում չպետք է լինեն կեղծ փոխհարաբերություններ, չպետք է շահարկվեն ծանոթությունները: Եթե աշխատում են այլ սկզբունքներով, բնականաբար աղավաղվում է աշխատանքային պրոցեսը: Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքին, եւ աշխատում ենք փոխվստահության մթնոլորտում»,- ասաց Միրզոյանը:

Հովհաննիսյանի խոսքով, պետք է սիրել երիտասարդ երգչին, ուսանողին, անհրաժեշտ է մեթոդաբանություն ունենալ երիտասարդ երգչին սովորեցնելիս. «Պետք է ամեն ինչ անել հօգուտ երիտասարդ երգչի հետագա կարիերայի համար, որ նա աճի եւ չդոփի տեղում: Շատ հեշտ է երիտասարդին կործանել, կան դերերգեր, որոնք չի կարելի կատարել չձեւավորված ֆիզիոլոգիայով: Երգչին պետք է փայփայել եւ խնայել, ցավոք, մեր իրականությունում միայն մենք ենք պահպանում այդ սկզբունքը: Դա գիտակցված են անում, եկամուտ հետապնդելով, կործանում են երիտասարդ երգիչներին»:

Այնուամենայնիվ, օպերային ստուդիայի ղեկավարները նշում են, որ աշխատում են լավատեսության մթնոլորտում: Հոբելյանական տարին էլ սկսել են Գուենտանո Դոնիցետիի «Լուչիա դե Լամերմուր» Դելամերմուր  օպերայով: Այդ պրեմիերայով օպերային ստուդիան բացել է Իտալական օպերային արվեստի փառատոնը:

Ի դեպ, հոկտեբերի 22-ին` օպերային ստուդիայի բեմադրած պրեմիերային, որը նաեւ նվիրված է լինելո Իտալերեն լեզվի մեկ շաբաթվա տոնին, ներկա են լինելու նաեւ Իտալիայի սենատի անդամները, որոնք այդ օրերին հյուրընկալվելու են Հայաստանում: