Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում այսօր` հոկտեմբերի 11-ին, ժամը 18:30-ի սահմաններում, փրկարաները 15-20 մ խորությամբ հողազանգվածի տակից դուրս են բերել «Միթսուբիշի Շարիոթ» մակնիշի 29 ՏՍ 028 համարանիշի ավտոմեքենա:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ` սողանքի գոտում աշխատում է 159 փրկարար: Ինժեներական տեխնիկայից ավելացել է 1 էքսկավատոր:
Ընդհանուր առմամբ, փրկարարները սողանքային գոտուց դուրս են բերել 27 ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Այսօր առավոտյան, հողազնագվածից դուրս է բերվել եւս մեկ` Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում 2 մարդ՝ Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը եւ Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: Հողազնագվածից դուրս է բերվել 26 ավտոմեքենա:






























