Տնտեսական կարողությունների գերկենտրոնացումը Երեւանում խոչնդոտում է ինչպես քաղաքի, այնպես էլ մեր մյուս տարածքների համաչափ զարագացմանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ջերմուկում Գյուղական համայնքների առաջին համաժողովի ժամանակ: Այն կազմակերպվել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ համայնքների ղեկավարների կողմից համաժողովը դրական արձագանք է ստացել եւ առաջարկվել է, որպեսզի այն դառնա ավանդական:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որում 10 տարվա կտրվածքով նախանշվել են այն խնդիրները, որոնք ծառացած են ոլորտի զարգացման առջեւ:
«Հաշվի առնելով նաեւ ժամանակակից տեխնիկայի կիրառումը՝ հասկանալի է դառնում, որ մեծածավալ աշխատուժի կարիքը գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավելու առումով գնալով նվազում է: Այս խնդիրը դառնում է մեզ համար կարեւորագույնը եւ դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլեւ գյուղում նոր աշխատատեղերի, պայմանների ստեղծման մասին, որոնք համադրելի կլինեն քաղաքային պայմաններին եւ չեն ստիպի գյուղացուն տեղափոխվել քաղաք ու այնտեղ որոնել աշխատանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի գյուղական վայրերում ծառայությունների մատուցման ու ենթակառուցվածքների զարգացման վրա:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի բավականին մեծ աճ է արձանագրվել գյուղատնտեսության բնագավառում, որը պայմանավորված է նաեւ բարենպաստ բնակլիմայական պայմաններով: «Այն լայնածավալ ծրագրերը, որոնք իրականացրել ենք՝ տվել են իրենց արդյունքները: Ստեղծվում են խոշոր այգիներ, գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք մրցակցելու են փոքր ու միջին ֆերմերների հետ: Սա մոտակա երեք տարիների ընթացքում ստեղծելու է գյուղական ոլորտի զարգացման նոր միջավայր: Կառավարությունն առաջին հերթին օգնելու է փոքր եւ միջին տնտեսություններին»,- ասել է նա:
Նշենք, որ համաժողովի նպատակն է գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով:




























