ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 500 միլիոն դոլար արժողությամբ F-16 կործանիչների համար սարքավորումների հնարավոր վաճառքին։

Պետքարտուղարության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այս մատակարարման մեջ մտնելու են  կործանիչներում օգտագործվող ինֆրակարմիր սպեկտրում որոնելու  և հետևելու համակարգերը։

Պենտագոնը հայտարարել է, որ այդ մատակարարումները չեն ընկնում հիմնական ռազմական տեխնիկայի սահմանման տակ և հետևաբար համապատասխանում են ԱՄՆ քաղաքականությանն ու օրենքին։

Առաջարկվող վաճառքը ծառայում է Միացյալ Նահանգների ազգային և տնտեսական շահերին։ Այն նաև աջակցում է սպառողի ջանքերին՝ արդիականացնելու իր զինված ուժերը և պաշտպանական կարողությունները, ասվում է Պենտագոնի հաղորդագրությունում:

Վաշինգտոնը կարծում է, որ Թայվանը դժվարություն չի ունենա այդ տեխնիկան իր զինված ուժերի հաշվեկշռում ընդունելու հարցում, և գործարքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը։