Эхо Москвы-ի ռադիոյի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ որոշել է դատարանին խնդրել կասեցնել «Վագներ» ՊՄԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ իր բողոքի քննարկումը։

«Ես որոշել եմ դիմել դատարան՝ Եվգենի Պրիգոժինի դեմ իմ բողոքի քննարկումը կասեցնելու խնդրանքով, քանի դեռ իրավիճակը վերջնականապես չի պարզվել՝ նա ողջ է, թե մեռած»,- գրել է Վենեդիկտովը՝ Telegram-ի իր ալիքում։

2020 թվականին Эхо Москвы-ի եթերում Ալեքսեյ Վենեդիկտովը Եվգենի Պրիգոժինին անվանել է «Վագներ» ՊՄԿ-ի սեփականատեր։ Ի պատասխան՝ պարոն Պրիգոժինը հայց է ներկայացրել պատվի և արժանապատվության պաշտպանության համար։ 2022 թվականի օգոստոսին դատարանը անարժանահավատ է ճանաչել գործարարի՝ ՊՄԿ-ների հետ կապի մասին հայտարարությունը, սակայն մերժել է պարոն Վենեդիկտովի՝ իր խոսքերը հերքելու պահանջը։

2022 թվականի սեպտեմբերին Եվգենի Պրիգոժինը խոստովանեց, որ դեռ 2014 թվականին ստեղծել է «Վագներ» ՊՄԿ-ն: Սրա պատճառով Ալեքսեյ Վենեդիկտովը դիմել է դատարան՝ «նոր բացահայտված հանգամանքների» հիման վրա որոշումը վերանայելու համար։ Դատարանը հրաժարվել է վերանայել գործը, հայտնում է Коммерсант-ը։

ՌԴ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից տրամադրված ուղևորների ցուցակի համաձայն՝ Եվգենի Պրիգոժինը ներառվել է ուղեւորների թվում։ Ինքնաթիռը պատկանել է МНТ-Аэро ընկերությանը, որը մասնագիտացած է բիզնես փոխադրումների ոլորտում։