«Իսլամական պետության» ծայրահեղականները գրեթե մեկ տարում կրկնապատկել են Մալիում իրենց կողմից վերահսկվող տարածքը, իսկ «Ալ Քաիդա»-ի հետ կապված նրանց հակառակորդները օգուտ են քաղում 2015 թվականին խաղաղության համաձայնագիր ստորագրած զինված խմբավորումների փակուղուց եւ թվացյալ թուլությունից, ասվում է ՄԱԿ-ի փորձագետների նոր զեկույցում:
Փորձագետների խոսքով՝ խաղաղ համաձայնագրի իրականացման հարցում լճացումը եւ բնակավայրերի վրա մշտական հարձակումները ԻՊ խմբավորմանը եւ նրա հետ կապված «Ալ Քաիդա»-ին հնարավորություն են տալիս կրկնելու 2012 թվականի սցենարը, երբ ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, իսկ երկու ամիս անց երկրի հյուսիսում ապստամբները ստեղծեցին Իսլամական պետություն։ Ծայրահեղական ապստամբները երկրի հյուսիսում իշխանությունից հեռացվեցին Ֆրանսիայի գլխավորած ռազմական գործողության միջոցով, սակայն 2015-ին հյուսիսից տեղափոխվեցին Մալիի ավելի բնակեցված կենտրոնական մաս եւ շարունակում են գործել:
Փորձագետների խմբի զեկույցում նշվում է, որ համաձայնագրի կատարման հետ կապված փակուղային իրավիճակը՝ հատկապես զինաթափման, զորացրման եւ մարտիկների՝ հասարակության մեջ վերաինտեգրման մասով, հնարավորություն է տալիս «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Ջամա Նուսրաթ ուլ Իսլամ վա Ալ Մուսլիմ» կազմակերպությանը պայքարել Մալիի հյուսիսում առաջնորդության համար:
Փորձագետները, վկայակոչելով որոշ աղբյուրների, հայտնել են, որ երկրի կառավարությունը կարծում է, որ ժամանակի ընթացքում երկրի հյուսիսում դիմակայությունը օգուտ կբերի մալիական իշխանություններին, սակայն այլ աղբյուրներ կարծում են, որ ժամանակը բարենպաստ է ահաբեկիչների համար, «որոնց ռազմական ներուժն ու հասարակության մեջ ներթափանցումն օրեցօր աճում է»։





























