Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, այն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխավորն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Հաճախ անմտորեն ասում են, քանի որ չեն հասկանում, թե ինչ է միջուկային զենքը, նույնիսկ մոտավորապես չեն հասկանում, թե ինչ հետեւանքներ կարող են լինել միջուկային զենքի կիրառումից։ Ռուսաստանը, ունենալով նման միջուկային զենք, հասկանում է եւ երբեք ոչ մեկին չի սպառնում։ Այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր անդամ պետությունների անվտանգության երաշխավորն է»,-ասել է Սիդորովը։

Նա նաեւ մեկնաբանել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Եվրոպային նախապատրաստում է արեւելյան հարեւանների դեմ ագրեսիայի: «Մենք ունենք եւ՛ Միութենական պետություն, եւ՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, որոնք կապված են ոչ թե ցանկություններով, այլ ագրեսիայի դեպքում միմյանց օգնություն ցույց տալու պարտավորություններով»,-նշել է նա։