Սրտաբան Ալոն Շթեյնբերգը (Alon Steinberg) վստահ է, որ Մայքլ Ջեքսոնին կարելի էր փրկել, բայց «փոփ արքայի» բժիշկը «լուրջ անփութություն» է դրսեւորել, միանգամից չզանգահարելով 911: Սակայն դրա փոխարեն, նա ընդամենը կանչել է իր օգնականին:
Ջեքսոնի մոտ սրտի կանգառ չի եղել, նա ուղղակի դադարել է շնչել, դրա համար էլ Մյուրեյի արած սրտի մերսումը «անօգուտ» եւ «աններելի» է եղել, հայտարարել է Շթեյնբերգը:
Միաժամանակ, սրտաբանը նշել է, որ պրոպոֆոլը, որն ընդունել է Ջեքսոնը, հարմար չէ անքնությունը բուժելու համար: «Երբ դուք հետեւում եք հիվանդին, դուք երբեք չպետք է նրան մենակ թողնեք, առավել եւս պրոպոֆոլ տալուց հետո: Դա նույնն է, որ երեխային քնած թողնեք խոհանոցի սեղանին»,- ասել է Շթեյնբերգը, հաղորդում է FirstPost-ը:
Շթեյնբերգը հանդես է եկել հոկտեմբերի 12-ին, բժիշկ Մյուրեյի դատավարության ժամանակ, ով մեղադրվում է ոչ դիտավորյալ սպանության մեջ:
Ջեքսոնը մահացել է Լոս Անջելեսում, 2009-ի հունիսի 25-ին, 51 տարեկան հասակում: Հետաքննության վարկածով, Մյուրեյը երգչին պրոպոֆոլի չափից մեծ քանակություն է տվել, որն էլ այլ դեղամիջոցների հետ միասին նրա մահվան պատճառ է դարձել:
Եթե դատարանը Մյուրեյին մեղավոր ճանաչի, նա կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման եւ զրկվել բժշկի լիցենզիայից:




























