Մարոկկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 800-ը, փրկարարները շարունակում են որոնումները, տեղեկացրել է The Associated Press-ը։
6,8 մագնիտուդով երկրաշարժն ամենաուժեղն է վերջին 120 տարում, այն փլուզել է շենքեր եւ պատեր հին քաղաքներում, որոնք կառուցված էին քարից եւ այնպիսի քարակառուցվածք ունեին, որը հաշվարկված չէր երկրաշարժերի համար։
Մարակեշում վնասվել է 12-րդ դարում կառուցված Կուտուբիա մզկիթը, դրա 69 մետրանոց մինարեն հայտնի է որպես «Մարակեշի տանիք»։
820 մարդ զոհվել է, հիմնականում Մարակեշում եւ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող հինգ նահանգներում, եւս 672 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը շաբաթ առավոտյան։ Տուժածներից 250-ի վնասվածքները, ինչպես տեղեկացրել է նախարարությունը, լուրջ են։
Փրկարարներն աշխատել են ամբողջ գիշեր՝ ողջ մնացածների փնտրելով մթության, փոշու եւ փլատակների մեջ։
Մարոկկոյի զինվորականները եւ արտակարգ իրավիճակների ծառայությունները համախմբել են ջանքերը տուժած շրջաններին օգնելու համար, բայց էպիկենտրոնի շուրջ լեռնային շրջան տանող ճանապարհները խցանված են տրանսպորտային միջոցներով եւ քարերով, ինչը դանդաղեցրել է փրկարարական աշխատանքները։





























