Մարոկկոյում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, հայտնում է AL Arabiya-ն՝ վկայակոչելով երկրի պետական ​​հեռուստատեսությունը։

Ավելի քան 1200 մարդ տուժել է ուրբաթ ուշ երեկոյան Մարոկկոյի Բարձր Ատլաս լեռներում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, հստակեցնում է լրատվամիջոցը։ 

Մարոկկոյի ՆԳՆ-ն շաբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ ամենամեծ վնասը եղել է քաղաքներից դուրս:

Մարոկկացիները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, որ շենքերը վերածվում են փլատակների և փոշու: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մարաքեշի հին քաղաքը շրջապատող հայտնի կարմիր պատերից մի քանիսը վնասվել են: Զբոսաշրջիկները հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ աղաղակում և տարհանվում քաղաքի ռեստորաններից՝ ակումբային երաժշտության ներքո:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի նախնական ուժգնությունը կազմել է 6,8 բալ, երբ այն տեղի է ունեցել ժամը 23:11-ին, ցնցումները տևել են մի քանի վայրկյան: Ամերիկյան գործակալությունը հայտնել է 4,9 մագնիտուդով հետցնցման մասին, որը տեղի է ունեցել 19 րոպե անց։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալ-Հաուզ նահանգի Իգիլ քաղաքի մոտ՝ Մարաքեշից մոտ 70 կիլոմետր դեպի հարավ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երկրի մակերևույթից 18 կիլոմետր խորության վրա, մինչդեռ ըստ Մարոկկոյի սեյսմիկ գործակալության՝ այն եղել ՝ 8 կիլոմետր խորության վրա:

Հյուսիսային Աֆրիկայում երկրաշարժերը համեմատաբար հազվադեպ են: Երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի և նախազգուշացման բաժնի ղեկավար Լահչեն Մհաննին 2M TV-ին ասել է, որ երկրաշարժը երբևէ գրանցված ամենաուժեղն է լեռնային շրջանում:

1960 թվականին Մարոկկոյի Ագադիր քաղաքի մոտ տեղի ունեցավ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլեց հազարավոր կյանքեր։