ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին ռազմական գործողությունը ընդդեմ ԼՂ-ի հայ բնակչության դեմ, որը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդու տեղահանման Լեռնային Ղարաբաղից: Այս մասին յսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը:
Նրա խոսքով, ԵՄ-ն արագ արձագանքել է ստեղծված իրավիճակին եւ արագ մոբիլիզացրել է շուրջ 5 մլն եվրոյի հումանիտար աջակցություն, մի քանի օրից այդ գումարը կկրկնապատկվի եւ կհասնի 10 մլն եվրոյի:
«Նաեւ ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ենք ակտիվացրել եւ ես շատ ուրախ եմ, որ Եմ անդամ երկրները կարողացել են արձագանքել: Բազմաթիվ երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել եւ իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանին: Մասնավորապես, խոսքը հիգիենայի պարագաների, սննդի, դեղորայքի մասին է: Հիգիենայի պարագաները, դեղորայքը արդեն տրամադրվում են հիվանդանոցներին:
Այս երկրներն են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրքը, Լեհաստանը, Ռումինին, Իսպանիան, Շվեդիան եւ Նորվեգիան:
Կցանկանայի նշել, որ այս ճգնաժամային փուլից հետո մենք հակված կլինենք աջակցությունը շարունակելու միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում:
Ի վերջո, կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարեց նա:





























