Վարշավան մերժել է միգրացիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը Գրանադայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին, հայտնում է Reuters-ը։

Համատեղ հայտարարությունը վերաբերելու է միայն օրակարգային մեկ այլ հարցի՝ դաշինքի ընդլայնմանը։

«Որպես պատասխանատու քաղաքական գործիչ, ես մերժում եմ միգրացիայի վերաբերյալ գագաթնաժողովի եզրակացությունների ամբողջ պարբերությունը», - գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին X-ում։

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միգրացիոն խնդիրների վերաբերյալ առանձին հայտարարությամբ հանդես կգա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը հայտարարել էր, որ թեև Լեհաստանն ու Հունգարիան  դեմ են արտահայտել ԵՄ միգրացիոն քաղաքականությանը, դա չի նշանակում, որ այս հարցի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնագիր արգելափակվելու է։