ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին, լուրջ մտահոգություն հայտնելով, կոչ է անում մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 հազար ղարաբաղահայության համար։

«Մարդասիրական կարիքները պետք է մնան գլխավոր առաջնահերթություն, և դոնորների միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն   շարունակի համերաշխություն և համատեղ պատասխանատվություն դրեևորել՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը այս զարգացող մարդասիրական ճգնաժամին արձագանքելու հարցում։

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Խանքենդի/Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության շարունակական մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:

Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի վերադառնալ ցանկացողներին:

Օսմանին նշում է Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները՝ կապված հայ բնակչության ինտեգրման և տեղահանված բնակչության վերադարձի հեռանկարների հետ։ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը Ադրբեջանի պարտականությունն է։

Վեճերը լուծելու համար դիվանագիտական ​​բանակցություններում ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խաթարում է արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու հեռանկարները։

Գործող նախագահ Օսմանին աջակցում է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված քաղաքական գործընթացների շարունակմանը։

ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցներն իրենց մանդատի շրջանակներում պատրաստ են նպաստել այս գործընթացին՝ կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։