Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով եւ դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։

«Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը եւ կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը ադրբեջանական պետության եւ նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված է Կանադայի «Հայ Դատի» հանձնախմբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը։