Իսրայելն անակնկալի է եկել և նրան երկար ժամեր են պահանջվել, որպեսզի իր ուժերը տեղափոխի պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից հարձակման ենթարկված տարածքները պաշտպանելու համար, գրում է Haaretz-ը։
Հոդվածի հեղինակներ Յանիվ Կուբովիչի և Ջոնաթան Լիսի կարծիքով, սա գլխավոր ձախողումներից մեկն է, որը թելադրել է մարտում իրադարձությունների զարգացումը։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ներխուժումն Իսրայել, որը սկսվել է շաբաթ օրը առավոտյան ժամը 06:30-ին, անակնկալի է բերել անվտանգության մարմիններին։ Իսրայելը չուներ հետախուզական նախազգուշացում ներխուժման մասին, և նույնիսկ այն սկսվելուց հետո, տեղում բավականաչափ քանակությամբ զորք չկար», - նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակների կարծիքով, ստեղծված իրավիճակի մյուս հիմնական ձախողումներից էր զինվորների տեղափոխման վատ պատրաստված մարտավարությունը, որը դանդաղեցրեց ողջ գործընթացը։ Բացի այդ, շատ զինվորներ ստիպված են եղել սեփական մեքենաներով հասնել Գազայի հատվածի հետ սահմանը կամ դիմել հարազատների օգնությանը:





























