Ամերիկյան New Yorker ամսագիրը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ սեպտեմբերին հավանություն է տվել Ուկրաինային ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռների փոխանցմանը։

Ամերիկացիները դեռ պաշտոնապես չեն հայտարարել մոտ 300 կիլոմետր հեռահարությամբ համալիրների մատակարարման մասին, իսկ ինքը՝ Բայդենը, համապատասխան հարցին ի պատասխան, ասել է, որ Սպիտակ տունն «աշխատել է» Վլադիմիր Զելենսկու բոլոր խնդրանքների վրա։

«Սեպտեմբերին, ներխուժումից հետո Զելենսկու երկրորդ այցից անմիջապես առաջ, Բայդենը, մոտ մեկ տարի դիմադրելուց հետո, հավանություն տվեց ATACMS Ուկրաինա ուղարկելու գաղափարին», - ասվում է հոդվածում: The New Yorker-ը մատակարարումների մասին հաղորդագրությունը տեղադրել է բազմաէջանոց տեքստի վերջում՝ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի «պրոֆիլում»:

Ըստ ամսագրի՝ երկար ժամանակ ATACMS-ի մատակարարման դեմ հիմնական փաստարկը կոնֆլիկտի սրման մտավախությունն էր, և Սպիտակ տանն առաջարկներ եղան օգտագործել դրանց առաքման սպառնալիքը՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այն բանից հետո, երբ ուկրաինացիները սկսեցին բրիտանացիներից և ֆրանսիացիներից հեռահար հրթիռներ ստանալ, ամերիկացիները սկսեցին հոգ տանել միայն իրենց համեմատաբար փոքր ATACMS պաշարների մասին, ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության հերթական տրանշի մասին։