ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշման հետևանքն է՝ ապասառեցնելու Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարի ակտիվները։

«Այս պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները ապասառեցրեց 6 միլիարդ դոլարը», - ասել է Թրամփը Այովա նահանգի աջակիցներին:

Նախկին նախագահի նշած դրամական միջոցներն ապասառեցվել են որպես ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ՝ Վաշինգտոնի և Թեհրանի վերջին պայմանավորվածության մաս։

Թրամփի խոսքով՝ ներկայիս պայմաններում ԱՄՆ-ին և Իսրայելին անհրաժեշտ է «հատկապես սերտ համագործակցություն և առաջնորդություն», ինչը Թրամփը, իր պնդմամբ, պատրաստ է ապահովել։ «Ուժեղ առաջնորդների բացակայության դեպքում կարևոր չէ, թե քանի տանկ ունեք»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ վստահություն հայտնելով, որ իր իրավահաջորդ Բայդենը «դավաճանել է Իսրայելը»՝ թույլ տալով ներկայիս բախումները։