Ֆինլանդիան և Էստոնիան Բալթիկ ծովի տակով միացնող ստորջրյա գազատարը և հեռահաղորդակցության մալուխը վնասվել են, հնարավոր է, դիտավորյալ գործողությունների արդյունքում, երեքշաբթի հայտնել է Ֆինլանդիայի կառավարությունը, հայտնում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն կիսում է վնասի մասին տեղեկատվությունը և պատրաստ է աջակցել մտահոգ դաշնակիցներին: Ֆինլանդիան միացել է ռազմական դաշինքին ապրիլին, իսկ Էստոնիան անդամակցում է 2004 թվականից։

Balticconnector գազատարը փակվել է կիրակի վաղ առավոտյան՝ 77 կիլոմետրանոց խողովակաշարի անցքից գազի արտահոսքի պատճառով: Ֆիննական Gasgrid օպերատորն հայտարարել է, որ վերանորոգումը կարող է տևել մի քանի ամիս կամ ավելի:

«Հավանական է, որ և՛ գազատարի, և՛ կապի մալուխի վնասումը չարտոնված անձանց գործողությունների հետևանք է։ Վնասի պատճառները դեռ պարզ չեն, Ֆինլանդիայի և Էստոնիայի համագործակցությամբ հետաքննությունը շարունակվում է», - երեքշաբթի ասված է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հայտարարության մեջ:

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ խողովակաշարի վնասը «մտահոգիչ է», սակայն Ֆինլանդիայի էներգամատակարարումը մնում է կայուն, իսկ հեռահաղորդակցության մալուխի վնասը չի ազդել Ֆինլանդիայի ընդհանուր կապի վրա:

«Դեռ վաղ է եզրակացություններ անել, թե ով կամ ինչն է պատճառել վնասը», - ասել է Օրպոն մամուլի ասուլիսում:

Գազին բաժին է ընկնում Ֆինլանդիայի էներգիայի մատակարարման 5%-ը, հավելել է նա։

Ֆինլանդիայի հետաքննությունների բյուրոն գազատարի արտաքին վնասի հետաքննություն է սկսել։

«Դեռևս գնահատում ենք՝ վնասը դիտավորյալ է պատճառվել, թե պատահաբար»,- ասացին բյուրոյից՝ հավելելով, սակայն, որ վնասի չափն այնպիսին է, որ վկայում է դիտավորյալ գործողությունների մասին։

Երեքշաբթի կեսօրին` այդ լուրերից հետո, եվրոպական գազի գները բարձրացել են. ըստ LSEG-ի՝ հոլանդական բազային ամսական պայմանագիրը հասել է 49,75 եվրոյի մեկ մեգավատ ժամի համար (ՄՎտ/ժ)՝ - ամենաբարձրը վերջին վեց ամիսների ընթացքում։

Երեքշաբթի գներն արդեն աճում էին Մերձավոր Արևելքում լարվածության հետ կապված մտահոգությունների պատճառով, սակայն ակնկալիքները, որ խողովակաշարի վնասը պայմանավորված է արտաքին գործոններով, բարձրացրեցին գները անհանգիստ շուկայում:

Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն մի քանի ամիս, և որ գազի գինը Ֆինլանդիայում կարող է մի փոքր բարձրանալ ձմռանը՝ արտահոսքի հետևանքով, բայց դա, հավանաբար, էական ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի գների վրա: