Հինգշաբթի օրը Վերսալի շքեղ պալատը մեկ շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ ստիպված է եղել տարհանել այցելուներին՝ անվտանգության ստուգումների համար՝ ռումբի սպառնալիքի մասին հաղորդումից հետո: Օդանավակայաններն ու դպրոցները ողջ Ֆրանսիայի տարածքում նույնպես տուժել են ռումբերի նախազգուշացումներով և հարկադիր տարհանմամբ՝ մեկ օր առաջ նմանատիպ նախազգուշացումից հետո: Սպառնալիքը հասել է նույնիսկ Միջուկային հետազոտությունների ինստիտուտին, գրում է AP-ն։

Ռումբեր չեն հայտնաբերվել, սակայն իշխանությունները չեն կարող վտանգել ճանապարհորդների, ուսանողների և աշխատողների կյանքը: Այդուհանդերձ, իշխանությունները դառնում են անհամբեր՝ սպառնալով ազատազրկումով և ահռելի տուգանքներով նրանց, ովքեր կեղծ ռումբի սպառնալիքներ են հնչեցնում: Կեղծ ահազանգերի շարքը ստիպել է տարհանել 15 օդանավակայաններ և չեղարկել 130 չվերթ, ինչպես նաև անցյալ շաբաթ օրվանից վերսալյան պալատի կրկնակի փակման պատճառ է դարձել։ 

Ֆրանսիացի պաշտոնյաները ենթադրել են, որ մեղավորները կարող են լինել կատակասերները, հավանաբար դեռահասները: Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին մեղադրել է «փոքիկ կատակասերներին, փոքրիկ ծաղրածուներին» և խոստացել. «Նրանք կգտնվեն, կպատժվեն»։

Նախարարի խոսքով՝ ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ գործնական կատակները կարող են պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով։ Նրա խոսքով՝ անչափահասների ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել վնասի փոխհատուցման համար։

Հինգշաբթի օրն առնվազն յոթ օդանավակայաններ սպառնալիքներ են ստացել, հիմնականում էլեկտրոնային փոստի միջոցով, հայտնել է ոստիկանությունը: Դրանց թվում էին Լիլի, Լիոնի, Բորդոյի, Նանտի և Թուլուզի օդանավակայանները։

Չորեքշաբթի օրը կեղծ սպառնալիքներ են ստացվել 17 օդանավակայանների նկատմամբ, ինչը հանգեցրել է համատարած խափանման, 15 օդանավակայանների տարհանման, 130 չվերթի չեղարկման և բազմաթիվ թռիչքների հետաձգման, չորեքշաբթի ասել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Կլեման Բոնը։

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տարհանման անհրաժեշտության մասին որոշումը կայացնում են շրջանային պրեֆեկտները։

«Մենք այս պահին հրաշք լուծում չունենք»,- ասել է Ֆրանսիայի օդանավակայանների միության գլխավոր պատվիրակ Նիկոլա Պոլիսինը, որը ներկա է երկրի բոլոր 150 օդանավակայաններում։

Նրա խոսքով՝ պայթյունի վտանգը չի կարելի անտեսել, սակայն «մենք չենք կարող դադարեցնել օդանավակայանների աշխատանքը»։