Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը «համաձայնել են համակարգել գործողությունները»՝ տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու համար, հայտնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ Էր Ռիադ ժամանած Սունակը Սաուդյան Արաբիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ տարածաշրջանում «կայունությանն աջակցելու համար»:
«Վարչապետը և թագաժառանգը համաձայնել են Գազայի հատված մարդասիրական մուտքն ապահովելու հրատապ անհրաժեշտության մասին՝ կենսական նշանակություն ունեցող ջուր, սնունդ և դեղորայք ապահովելու համար:
Վարչապետն ուրվագծել է այն քայլերը, որոնք Մեծ Բրիտանիան ձեռնարկել է ավելի ու ավելի սարսափելի հումանիտար իրավիճակի դեմ պայքարելու համար, ներառյալ հավելյալ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնության հայտարարությունը:
Վարչապետը կոչ է արել թագաժառանգ արքայազնին օգտագործել տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի առաջնորդությունը՝ կայունությունը պահպանելու համար ինչպես այժմ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Ավելի լայն իմաստով՝ վարչապետը և թագաժառանգը ակնկալում են համատեղ աշխատել՝ Միացյալ Թագավորության և Սաուդյան Արաբիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն առաջ մղելու համար, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը», - ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:





























