Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Գազայում երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման միջոցով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Սխալը շտկելու և պետականորեն գործելու փոխարեն Իսրայելի վարչակազմը հանդես է գալիս որպես կազմակերպություն՝ հրահրելով տարածաշրջանից դուրս գործող դերակատարներին։ Հասկանալի է, որ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել երեխաների, կանանց ու խաղաղ բնակիչների սպանությամբ, հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցիներ պայթեցնելով։

 Մեր տարածաշրջանը պետք է որքան հնարավոր է շուտ փրկել այս խելագարությունից, որը խրախուսվում է արևմտյան երկրների կողմից և օրինականացվում արևմտյան լրատվամիջոցների կողմից։

Ես կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայում հրադադարի արագ հաստատման նախաձեռնություններին։ Ես կրկնում եմ իմ կոչը Իսրայելի կառավարությանը՝ չընդլայնել  հարձակումները խաղաղ բնակիչների վրա և անհապաղ դադարեցնել   ավերածությունները։ Թուրքիան կշարունակի  իր ներդրումը՝ կանխելու հետագա արյունահեղությունը, հետագա հումանիտար ողբերգությունները և կարգավորելու հակամարտությունը Պաղեստինում՝ նախքան այն կհասնի անդառնալի կետի»,- գրել է Էրդողանը սոցցանցերում։