Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի դատարանի կողմից նշանակվող փաստաբանների աշխատավարձի 15 տոկոսով բարձրացումը։ Այս մասին Ազգային ժողովում, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի  քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Միջոցները կհատկացվեն պետբյուջեից, ասել է նա։ Ընդ որում՝ միայն արտաժամյա աշխատանքները փոխհատուցելու համար։

«Այս անհրաժեշտությունը պայմանավորված է երկու գործոնով՝ փաստաբանական գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով եւ նոր Քրեական, ինչպես նաեւ Քրեակատարողական օրենսգրքերի ուժի մեջ մտնելով։ Փաստաբանները ներկայում 69-ն են, նրանք ստիպած են ներգրավվել արտաժամյա աշխատանքներում՝ ստանալով համապատասխան վճար»,- ասել է Բալյանը։

Եվ դա, չնայած այն երաշխիքներին, որոնք տրամադրում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը։

Լրացուցիչ ֆինանսավորումը կիրականացվի միայն արտաժամյա աշխատանքների համար։ Միջոցները չեն ուղղվի գրասենյակների ղեկավարների եւ նրանց տեղակալների լրավճարներին։

«Հանրային պաշտպանը 2021թ. ստիպված էր արտաժամյա մասնակցել  ընթացակարգային գործողություններին 244 անգամ, այդ թվում եւ գիշերը։ 190 դեպք Երեւանում, մնացածը՝ մարզերում։ 2022թ. արտաժամյա աշխատանքների թիվը կրկնակի ավելացել է՝ կազմելով 421, որոնցից 303-ը՝ Երեւանում, մնացածը՝ մարզերում»,- ասել է նա։

Վերջին 7 տարիներին ամեն տարի դիտարկվող գործերի թիվն ավելացել է 19 տոկոսով, իսկ քաղաքացիական գործերի գծով՝ 43 տոկոսով։ Միջինը յուրաքանչյուր փաստաբանին բաժին է ընկնում 210 քրեական գործ։

«Յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է մոտ 390 հազար դրամ»,- նշել է Բալյանը։

Որոշ քննարկումներից հետո օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։