Ֆրանսիան ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերի հյուսիսային բազայից՝ հուլիսյան ռազմական հեղաշրջումից հետո Արևմտյան Աֆրիկայի երկրից ծրագրված դուրսբերման շրջանակներում, հայտնում է AP-ն։
Մոտ 200 զինվորական, 28 բեռնատար և երկու տասնյակ զրահամեքենա լքել են Օուալլամ ռազմաբազան, որը փոխանցվել է Նիգերին, ասել է խունտայի խոսնակ, գնդապետ Ամադու Աբդրամանը։
Սպասվում է, որ Ֆրանսիայի դուրսբերումը կավարտվի մինչև տարեվերջ։ Նիգերում գործում է մոտ 1500 ֆրանսիացի զինծառայող, որոնք վարժեցնում են զինվորականներին և համատեղ գործողություններ իրականացնում։
Հայտարարությունն արվել է շաբաթներ անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան կդադարեցնի իր ռազմական ներկայությունը Նիգերում և հետ կկանչի իր դեսպանին երկրից՝ նախագահ Մուհամեդ Բազումին պաշտոնազուրկ արած հեղաշրջումից հետո:





























