Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի գիշերը Սեւ ծովում, Սեւաստոպոլի շրջանում, հայտնաբերվել են Ուկրաինայի ՌԾՈւ երեք անանձնակազմ մոտորանավակներ։

«Մոտորանավակների հայտնաբերման շրջանին հարված է հասցվել հակադիվերսիոն հրթիռառմբային համալիրներով»,- նշվել է ՊՆ տարածած հայտարարությունում։

«Սեւաստոպոլի ծովախորշի արտաքին մասում իրականացվում է հակաականային եւ հակադիվերսիոն միջոցառումների համալիր»,- տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Հոկտեմբերի 24-ի վաղ առավոտյան անեքսիայի ենթարկված Սեւաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաեւը Թելլեգրամ-ալիքում գրել է, որ «Սեւծովյան նավատորմը հետ է մղում ստորջրյա դիվերսիոն ուժերի եւ հակառակորդի միջոցների գրոհը»։

Սեւաստոպոլը հակամարտության սկզբից մշտապես ենթարկվում է գնդակոծությունների։ Հոկտեմբերի սկզբից տեղեկացվում էր, որ հարվածները Սեւծովյան նավատորմին, ինչպես նաեւ Ուկրաինա ATACMS հրթիռների մատակարարումը ստիպել էին հրամանատարությանը վերատեղակայել նավերի մի մասը Սեւաստոպոլից Նովոռոսիյսկ։