Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը երեքշաբթի օրը քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նրա խոսքերի համար։

«Պարոն գլխավոր քարտուղար, դուք ո՞ր աշխարհում եք ապրում։ Միանշանակ, ոչ մեր աշխարհում»,- ասել է Քոհենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Քոհենը նաև չեղարկել է Գուտերեշի հետ անձնական հանդիպումը, որի մասին նա հետագայում հայտարարել է X միկրոբլոգում։

«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չկա։ ՀԱՄԱՍ-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից»,- գրել է Իսրայելի արտգործնախարարը։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ասել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները «վակուումում» չեն տեղի ունեցել՝ հավելելով, որ «պաղեստինի ժողովուրդը 56 տարի ենթարկվել է խեղդող օկուպացիայի»: