Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրքերին տրամադրում է Իսրայելի դեմ՝ ՀԱՄԱՍ-ն անվանելով «ազատագրական խումբ»։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։

Արդեն երեք շաբաթ է, ինչ Իսրայելը պայքարում է ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, որի զինյալները ներխուժել էին երկիր և սպանել ավելի քան 1400 մարդու։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահ  Էրդողանը բռնում է արմատական ​​իսլամիստների կողմը։

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատարարների և մոջահեդների (ջիհադականների) խումբ է, որը պայքարում է  իր երկիրը և իր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Էրդողանը իր «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցներին:

Էրդողանի խոսքերը հնչում են ոչ միայն Թուրքիայում, այլև Գերմանիայում, որտեղ ապրում են բազմաթիվ թուրքական ծագում ունեցող մարդիկ։ Այսպիսով, Թուրքիայի նախագահի ելույթները կարելի է լսել TRT Deutsch ալիքով, որը Süddeutsche Zeitung-ը դեռ 2021 թվականին անվանել է «Էրդողանի մեգաֆոն»։ Հեռուստաալիքի ռեպորտաժներում միաժամանակ խոսվում է «իսրայելական շրջափակման» և «Իսրայելի կողմից օկուպացված տարածքների» մասին։

«Այն, ինչ անում է TRT Deutsch-ը, ոչ թե լրագրություն է, այլ ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) քարոզչություն, որը չի ամաչում գովաբանել ՀԱՄԱՍ-ը որպես դիմադրության խմբավորում», - ասում է Գերմանական Իսլամական կոնֆերանսի անդամ Էրեն Գյուվերչինը:

Ըստ նրա, սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով TRT Deutsch-ը «միտումնավոր մանիպուլյացիա է անում Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների ընկալման հետ՝ առանց համտեքստի բացատրության  տեսանյութեր օգտագործելով»: