Ավստրալիայի Վիկտորիա նահանգում BMW մեքենայի վրաերթից զոհվել են ռեստորանի հինգ այցելուներ, եւս հինգ հոգի վիրավորվել է։

Նահանգի ոստիկանությունում նշել են, որ զոհվածներից չորսը՝ երկու տղամարդ եւ մի կին ու վեցամյա մի երեխա, տեղում են մահացել։ 11 տարեկան աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նա մահացել է։

Տեղեկացվել է նաեւ, որ ռեստորանի հինգ այցելու, այդ թվում 11-ամսյա մի տղա եւ վեցամյա մի երեխա, հիվանդանոցում են, նրանք բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին օրգանների վնասվածքներ ունեն։ 35-ամյա մի կին վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է։ Ոստիկանությունը նշել է, որ ղեկին գտնվող 66-ամյա տղամարդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց՝ «ոչ մեծ վնասվածքներով»։

Վթարը տեղի է ունեցել կիրակի, նոյեմբերի 5-ին, Դեյլսֆորդում, որը գտնվում է Մելբուռնից 110 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։ Մեքենան մտել է Վինսենթ սիթի փողոցում գտնվող փաբի տարածք եւ հարվածել մի քանի սեղանիկների, որոնց շուրջ այդ պահին նստած էին ընտանիքներ իրենց երեխաներով։ Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր երեք զոհի մասին, սակայն մի փոքր ուշ այդ թիվն ավելացավ։ Պատահարի վայրում աշխատում են քննչական խումբը եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները։