Հիմ շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք: Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։
Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր»,-ասել է նա:
Անդրադառնալով միջազգային հանրության պահվածքին, նրա անգործությանը, Օկամպոն ասել է. «Դե, դա խնդիր է, ձախողում: Որովհետև աշխարհը չունի գլոբալ ինստիտուտներ։ Հիմնականում միակ գլոբալ անկախ ինստիտուտը Միջազգային քրեական դատարանն է, և վերջ։ Դա բավական չէ։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ կա ընդամենը մեկ դատարան, առանց կառավարության ու քաղաքական համակարգի: Այնպես որ, Հայաստանը պետք է ներգրավվի խնդրի լուծմանը։ Եվ ահա թե ինչու նման հանդիպումները, քաղաքական առաջնորդների հետ քննարկումներն այն մասին, թե ինչ կարող են անել, այն է, ինչ մենք պետք է անենք: Հայաստանը ցույց է տալիս, որ վտանգի տակ է ոչ միայն ինքը, այլ քաղաքակրթությունը, և այդ պատճառով հայերը միայնակ չեն: Բայց Հայաստանը վճռորոշ է։ Հայաստանն ունի շատ կարևոր համայնք ամբողջ աշխարհում։ Դա անհավանական ուժ է, որը դուք ունեք, և մենք կարող ենք օգտագործել դա»:
Դիտարկմանը, որ կան որոշ հակամարտություններ, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան մյուսներին, նա նշել է. «Դե գիտեք, լրատվամիջոցների ուշադրության տիրույթը ընդամենը 6 վայրկյան է: Դա նորմալ է: Դարֆուրի ցեղասպանությունն առաջին տեղում էր լրատվամիջոցներում, հետո եկավ Արաբական գարունը, հետո Լիբիան, հետո Սիրիան, հետո Ռուսաստանը, եզդիները, հետո ռոհինջաները: Միշտ կա նոր հակամարտություն, որը ծածկում է նախորդ հակամարտության ձախողումը: Եվ ահա թե ինչու այս տարի՝ 2023 թվականին, հինգ ցեղասպանության ականատես եղանք: Հիմա ժամանակն է դա շտկելու: Այն փաստը, որ հայկական համայնքը և հրեական համայնքը այդքան տարածված են, իսկապես կարող է օգնել փոխելու այս իրավիճակը:
Ես հասկանում եմ, որ հայ համայնքի համար շատ դժվար պահ է, որ նույնիսկ հնարավոր են հարձակումներ Հայաստանի վրա, բայց դու պետք է հասկանաս, որ երբեք չես հաղթում, եթե դադարես պայքարել։ Այսպիսով, դուք պետք է շարունակեք պայքարել, և դուք միայնակ չեք»:





























