Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի կողմից «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ Միջազգային արեւային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին եւ Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչից հետո ստորագրված բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Համաձայնագիրն այնուհետեւ կանցնի վավերացման ներքին ընթացակարգերով եւ ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից ավանդապահ երկրին վավերացման գործիքի հանձնմանը հաջորդող երեսուներորդ օրը:

Միջազգային արեւային դաշինքին Հայաստանի միանալը կարեւոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող եւ կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության եւ էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: