Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսը հանգեցրել է նրան, որ երկիրն ուժային տարբեր կենտրոնների համար որպես փորձադաշտ է դիտարկվում։ Այս մասին նոյեմբերի 17-ին՝ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. Ռուսաստանը և Արևմուտքը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը խոչընդոտելու համար։
«Սակայն, ես կարծում եմ, որ այդ երկրները պետք է փոխեն իրենց դիրքորոշումը։ Եթե նրանք իսկապես ուզում են Հայաստանի ժողովրդին ցույց տալ, որ իրենք ավելի լավն են, քան իրենց հակառակորդները, ապա պետք է գործեն և իրենց առարկայական քայլերով ու քաղաքականությամբ ցույց տան, որ իրենք ավելի լավն են»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, կան երկրներ, որոնք խնդիրներ ունեն Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հետ։ Սակայն նրանք չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին կվնասի Հայաստանի ժողովրդին։
«Իշխանությունների հետ խնդիրներ կա՞ն։ Լուծեք ձեր հարցերը նրա հետ: Ժողովուրդը չպետք է դառնա այդ հակասությունների զոհը»,- ընդգծեց պատգամավորը։



























