Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից F-16-ներ գնելու խնդրանքի քննարկման վաղաժամ ավարտ՝ առանց որևէ պայմանների կամ սահմանափակումների, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ուղղելու այն խնդիրների սխալ կառավարումը, որոնք ուղղակիորեն ազդում են մեր ազգային անվտանգության վրա։ Այս առումով, մենք բոլոր մակարդակներում հույս հայտնեցինք, որ F-16-ի գնման և արդիականացման մեր խնդրանքի քննարկումը շուտափույթ կավարտվի առանց որևէ պայմանի կամ սահմանափակումների», - ասել է Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի Պլանավորման և բյուջետային հանձնաժողովի նիստում: 

Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան շարունակում է համագործակցել ԱՄՆ-ի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2022 թվականի հուլիսին ընդունել է պաշտպանական բյուջեի փոփոխություն, որն ԱՄՆ վարչակազմին արգելում է Թուրքիային նոր F-16 ինքնաթիռներ և դրանց արդիականացման բաղադրիչներ վաճառել, քանի դեռ Թուրքիան խախտում է Հունաստանի օդային տարածքը։ Նախկինում Թուրքիան դուրս էր մնացել F-35 հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով։