Եգիպտոսի Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբեան կիրակի օրը հայտարարել է, որ իշխանությունները ուշադիր հետևում են Կարմիր ծովում առկա լարվածությանը, հաղորդում է Reuters-ը:

«Վարչակազմը ուշադիր հետևում է Կարմիր ծովում ներկայիս լարվածության ազդեցությանը ջրանցքում նավագնացության վրա», - ասվում է Ռաբեայի հայտարարության մեջ:

Միաժամանակ նա նշել է, որ ջրանցքով նավագնացությունը նորմալ է ընթանում։

Նոյեմբերի 19-ից  55 նավ փոխել է երթուղին Բարեհուսո հրվանդանով, մինչդեռ նույն ժամանակահատվածում ջրանցքը հատել է 2128 նավ, ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եմենի հութիները զգուշացրել էին Կարմիր ծովում գտնվող բեռնատար նավերին խուսափել Իսրայելի ուղղությամբ շարժվելուց։ Նրանք ստանձնել են նորվեգական առևտրային լցանավին հրթիռով հարվածելու պատասխանատվությունը՝ ի նշան Գազայի հատվածի Իսրայելի ռմբակոծման դեմ բողոքի։

Միաժամանակ բրիտանական, ֆրանսիական և ամերիկյան ռազմանավերը հայտնել են Կարմիր ծովում Եմենի հութիների անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։