Բժշկական դիմակները պարտադիր են դարձել 60-ն անց մարդկանց համար Կարնատակա նահանգում, հարեւան Քերալա նահանգում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։ Այս մասին, հղում կատարելով Կարնատակայի կառավարությանը, տեղեկացրել է The Indian Express թերթը։
Իշխանությունների կարգադրությունը վերաբերում է նաեւ նահանգի այն բնակիչներին, որոնք տառապում են սրտի եւ շնչառական հիվանդություններով։ Կարնատակայի իշխանությունները որոշում են ընդունել պարտադիր դիմակ կրելու մասին այն բանից հետո, երբ հարեւան Քերալայում նկատվել է COVID-19-ով հիվանդացության աճ եւ «պիրոլա» (BA.2.86) տեսակով վարակման դեպքեր։ Կարնատակայի առողջապահության նախարար Դինեշ Գունդու Ռաոն հայտնել է, որ նահանգի կառավարությունը կհրապարակի նոր միջոցների ցանկը, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման դեմ։
Քերալայում նկատվել է COVID-19-ով հիվանդացության աճ։ Վերջին մեկ շաբաթում այստեղ հիվանդների թիվը եռապատկվել է, իսկ դեկտեմբերի 1-17-ին գրանցվել է 10 մահ։ Ներկայում նահանգում գրանցվել է կորոնավիրուսով մեկ օրում վարակված ավելի քան 300 հիվանդ։
Երկուշաբթի Հնդկաստանի առողջապահության նախարարությունը կարգադրություն է հրապարակել բուժհաստատությունների համար՝ ուժեղացնելու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկողությունը։ Փաստաթղթում նշվել է, որ Հնդկաստանում հայտնաբերվել են BA.2.86-ով վարակման առաջին դեպքերը։ «Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես չեղարկել է համավարակի կարգավիճակը, COVID-19-ը շարունակում է տարածվել»,- նշել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։





























