Լեհաստանի նոր եվրոպամետ կառավարությունը պաշտոնանկ է արել հանրային-իրավական մեդիա ընկերությունների ողջ ղեկավարությանը։ Որոշումը վերաբերում է TVP-ի, Լեհական ռադիոյի և PAP լրատվական գործակալության ղեկավարներին և դիտորդական խորհուրդներին, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտնել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը։ Արդեն նշանակվել են նոր դիտորդական խորհուրդներ, որոնք կընտրեն վարչության նոր անդամներին։ Դրանից քիչ անց անջատվել է TVP Info լրատվական ալիքը, որը վաղ առավոտից անընդհատ ցուցադրում էր միայն ամանորյա սյուժեներ։
Հանրային հեռարձակման բովանդակության վերակազմակերպումն ու վերակողմնորոշումը Դոնալդ Տուսկի կառավարության առաջնահերթություններից է, պարզաբանում է dpa գործակալությունը։ Լեհաստանի նոր իշխանությունները լրատվամիջոցներին մեղադրում են «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ստեղծված ազգային պահպանողական կառավարության վերջին ութ տարիների ընթացքում կուսակցական քարոզչություն տարածելու մեջ։
Նախորդ երեկոյան Լեհաստանի Սեյմը (երկրի խորհրդարանը) բանաձև էր ընդունել հանրային լրատվամիջոցների «լեգիտիմությունն ու անաչառությունը վերականգնելու մասին»։ Բանաձևում ասվում է, որ ԶԼՄ-ները կորցրել են հավաստի և անաչառ տեղեկատվություն տրամադրելու իրենց մանդատը և դարձել են կուսակցական լրատվամիջոցներ: Մշակույթի նախարարությունը և պետական գույքի նախարարությունը, որոնք զբաղվում են հեռարձակողների գործունեությամբ՝ գույքի կառավարման միջոցով, այժմ ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։





























