Լեհաստանի իշխանությունները մտադիր են ամրացնել Բելառուսի հետ սահմանին 2022 թվականին կառուցած պատնեշը՝ անօրինական միգրացիայից պաշտպանվելու համար։ Այս մասին Radio Zet-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին։
«[Բելառուսի հետ սահմանին] կառուցված պատնեշը չի կատարում իր նպատակը։ Այն չապահովեց մեր սահմանի ամբողջական անվտանգությունը։ Այն [պատնեշը] կբարելավվի՝ ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասել է նա:
Նախարարը նաև հայտարարել է Բելառուսի հետ սահմանային հատվածի համար պատասխանատու սահմանային ծառայության ստորաբաժանման ուժեղացման ծրագրերի մասին։ Ըստ նրա, պատի բարձր արժողության պատճառով կանցկացվի դրա կառուցման ծախսերի աուդիտ։
Լեհաստանի իշխանություններն անցյալ տարի Բելառուսի հետ սահմանին 5,5 մետր բարձրությամբ և 186 կիլոմետր երկարությամբ պողպատե վանդակաճաղերով բլոկներից պատ էին կառուցել՝ անօրինական միգրանտներից պաշտպանվելու համար: Շինարարության արժեքը կազմել էր 278 մլն դոլար Այս տարվա հոկտեմբերի 15-ին Լեհաստանի բնակիչները հանրաքվեով դեմ են քվեարկել պատնեշի քանդմանը։





























