Ցանկանում էին Ուկրաինայից դուրս բերել մոտավորապես 161-165 միլիոն տարեկան «հնէաբանական բացառիկ քարացուկ»: Մանրամասները հայտնել է Ուկրաինայի պետական ​​մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Քարացուկը կալանել են Կիևի մաքսատան աշխատակիցները։ Այն փոստով Տերնոպոլից ուղարկվում էր ԱՄՆ, հայտնում է Focus-ը։

Գերատեսչությունում նշել են, որ մաքսավորների ուշադրությունը գրավել է «ելուստներ ունեցող արտասովոր խորդուբորդ քարը»։ Նրանք որոշել են այն տեղափոխել թանգարան, որպեսզի կարողանան գնահատել դրա արժեքը։

Փորձագետները կարծում են, որ բրածոը կարող էր հայտնաբերվել Չերկասի շրջանի Տրախտեմիրով գյուղում՝ Դնեպրի ավազանում։ Գտածոյի երկրաբանական տարիքը մոտավորապես 161-165 միլիոն տարի է։

«Փորձագետները նշում են, որ նմուշը օրիգինալ է և շեշտում է դրա կատարյալ պահպանված լինելը։ Քարացուկը վերաբերում է   Յուրայի ժամանակաշրջանի կելովյան նստվածքներին։ Առարկան, որպես երկրաբանական ժառանգություն, մշակութային արժեք ունի»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Փորձագետները խորհուրդ են տվել քարացուկը ներառել Ազգային ժառանգության պետական ​​ռեգիստրում և թանգարանային ֆոնդում։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մշակութային արժեքները մաքսային սահմանով արտահանելու համար դուք պետք է ունենաք համապատասխան վկայական Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից։ Տվյալ դեպքում մաքսային ծառայողներին նման փաստաթուղթ չի տրամադրվել»,- ընդգծել են մաքսային ծառայությունից։

Օրինախախտների նկատմամբ մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն է կազմվել, իսկ քարացուկը առգրավվել է մինչև դատարանի որոշումը։