Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը կանցկացվի ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 18-րդ նիստը` Կազմակերպությունում  Լիտվայի նախագահության եզրափակիչ միջոցառումը:

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի,  Մերձդնեստրի եւ Վրաստանի ձգձգվող հակամարտությունների վերաբերյալ:

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, ներկա կգտնվեն ԵԱՀԿ 56 երկրների, Հյուսիսային Աֆրիկայի եւ Ասիայի  12 գործընկեր երկրների  արտաքին գործերի նախարարներ, Եվրամիության արտաքին գործերի եւ քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, միջազգային եւ տարածաշրջանային հիմնական  կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:

Նախարարների խորհրդի նիստի ընթացքում սպասվում է  մի շարք կարեւոր որոշումների ընդունում` նոր մամուլի, լրագրողների անվտանգության էներգետիկ անվտանգության, կիբեռնետիկ սպառնալիքների եւ թմրանյութերի տարածման, ռազմականեւ անվտանգության  ոլորտում վստահության ամրապնդման  միջոցառումների, Աֆղանստանի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության վերաբերյալ, նշվում է Լիտվայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նստաշրջանի նախօրեին Վիլնյուսում կկայանա ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի բյուրոյի նիստը: Վիլնյուսյան հանդիպման նպատակը ԵԱՀԿ տարածքի առկա խնդիրների քննարկումն է եւ ԵԱՀԿ  Խորհրդարանական ասամբլեայի  ձմեռային նիստին նախապատրաստվելը: Ասամբլեայի նախագահ Պետրոս Էֆթիմիուն Նախարարների խորհրդի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Հիշեցնենք, 2010թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը Ղազախստանին էր պատկանում: 2011թ. Ղազախստանին փոխարինեց Լիտվան, իսկ 2012թ. կփոխարինի Իռլանդիան, 2013-ին` Ուկրաինան: ԵԱՀԿ վերջին խոշոր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 1-2-ը Աստանայում:

2010թ. Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը խոստացել էր, որ ձգձգվող հակամարտությունների խնդիրների լուծումը Լիտվայի ԵԱՀԿ  նախագահության առաջնահերթություններից կլինի: