Շվեդիայից և Ֆինլանդիայից հետո ՆԱՏՕ-ի անդամ Դանիան է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մասին։ Համապատասխան փաստաթղթերը հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Վաշինգտոնում ստորագրել են Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ-ին զինվորներ և զինտեխնիկա տեղակայել Դանիայի հյուսիսում։ Ամերիկացիները մուտք կունենան նաև Դանիայի ռազմաօդային ուժերի երեք բազաներ, հայտնում է DW-ն։

Ռասմուսենը վստահություն է հայտնել, որ դա կամրապնդի ոչ միայն դանիական, այլև եվրոպական և անդրատլանտյան անվտանգությունը։

Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև կնքված պայմանագիրը չի տարածվում Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի վրա, որոնք հիմնականում ինքնակառավարվող տարածքներ են։

«Կարևոր է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին Եվրոպայում պատերազմների, հակամարտությունների և անվտանգության բացակայության ժամանակ: Դանիան և Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնեն, և դա այն է, ինչ մենք անում ենք այս համաձայնագրով»,- ընդգծել է Լարս Լեկե Ռասմուսենը։

Բլինքենն իր հերթին նշել է, որ Դանիան առաջատար դեր է խաղում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմը «ռազմավարական ձախողում»  մնալու ջանքերում։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից հաստատվելուց հետո։ Դրան հասնելու համար Դանիան պետք է օրենսդրական փոփոխություններ կատարի: Այս ուղղությամբ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: