Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցկացրել է իր տարեկան մամուլի ասուլիսը, որում հայտարարել է, որ ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկկողմ հանդիպում անցկացնելու հրավերը։
Euronews-ի հաղորդմամբ, Օրբանը հայտարարել է, որ ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը։ Ռուսական լայնածավալ ներխուժումից հետո սրանք կլինեն երկու առաջնորդների առաջին լիարժեք բանակցությունները։
Օրբանն ասել է, որ ինքը և Ուկրաինայի առաջնորդը մի քանի բառ են փոխանակել դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողության ժամանակ։ Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին առաջարկել է քննարկել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։
«Եթե ուզում ենք գումար հատկացնել Ուկրաինային, նախ եկեք հինգ տարով չհատկացնենք, որովհետև մենք պատկերացում չունենք, թե ինչ կլինի վեց ամսից։ Այսպիսով, եկեք ողջամիտ ժամկետներ սահմանենք: Երկրորդ, մենք պետք է նայենք ԱՄՆ-ի աջակցության չափին: Երրորդ առաջարկ՝ եթե անգամ փող տանք, ապա ընդհանուր բյուջեից չպետք է հատկացնենք։ Եվ վերջապես, սա չպետք է լինի ընդհանուր որոշում»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի հատկացումը։ Ասուլիսում Վիկտոր Օրբանը կրկին ընդգծել է, որ միջոցները պետք է հատկացնեն Կիևին օգնել ցանկացող երկրները, այլ ոչ թե Բրյուսելը՝ ԵՄ բյուջեից։ Դրան Հունգարիայի համաձայնությանը հասնելու համար ԵՄ-ն «գործնականում շանտաժի է ենթարկում» Բուդապեշտին, ասել է նա:





























